Գերմանական Վերակառուցման վարկային բանկը, Զարգացման ֆրանսիական գործակալությունը և ԵՄ-ն շարունակում են աջակցել Վրաստանի էներգետիկայի և կանաչ հատվածի բարեփոխումներին
Վրաստանը (ի դեմս Ֆինանսների նախարարության), Վերակառուցման վարկային բանկը (KfW), Զարգացման ֆրանսիական գործակալությունը (AFD) և Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը (EUD) ստորագրել են Վրաստանին բազմազգ և միջազգային աջակցությունը շարունակելու մտադրության մասին հռչակագիր՝ Վրաստանի կառավարության կողմից իրականացված բարեփոխումներին նպաստելու նպատակով,- այս մասին տեղեկություն է տարածում ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, KfW Թբիլիսիի գրասենյակի տնօրեն Բիրգիթ Հոլդերիդ Կրեսը, KfW Թբիլիսիի գրասենյակի էներգետիկ ոլորտի տնօրեն Բոդո Շմոլինգը, AFD Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռաֆայել Յոզանը և Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Սիգրիդ Բրետելը:
«Ընթացիկ բարեփոխումների շրջանակներում 2018 թվականից ի վեր զգալի առաջընթաց է գրանցվել Վրաստանի էներգետիկ օրենսդրությունը ԵՄ կանոններին և լավագույն փորձին համապատասխանեցնելու հարցում, և այս գործընթացը կշարունակվի և կընդլայնվի: Ի լրումն էներգետիկ ոլորտում բարեփոխումները շարունակելու, «Team Europe»-ի գործընկերները և Վրաստանի կառավարությունը պայմանավորվել են զարգացնել և իրականացնել էներգետիկային, կլիմային, շրջակա միջավայրին և կանաչ վերափոխմանը միտված բարեփոխումները՝ «Եվրոպայի Կանաչ համաձայնագրի» համաձայն: Նշենք, որ բարեփոխումներին աջակցություն կտրամադրվի զարգացման գործընկերների կողմից։
Վրաստանն արդեն 554 մլն եվրո ստացել է միջազգային ֆինանսական կառույցներից վերջին չորս տարիների ընթացքում, իսկ 8,44 մլն եվրո՝ Եվրամիությունից»,- հայտնել են ֆինանսների նախարարությունից։
«Վերջին չորս տարիների ընթացքում էներգետիկ ոլորտում իրականացված բյուջետային աջակցության ծրագրերի հաջող շարքից հետո Մտադրության հռչակագրի ստորագրումը ճանապարհ է հարթում Վրաստանի համար ավելի խորը, ավելի համապարփակ և հավակնոտ բարեփոխումների փաթեթի համար: Այս քայլը արտացոլում է վստահելի համագործակցությունը մեր վրացի գործընկերների և եվրոպական թիմի անդամների՝ Գերմանիա / KfW, Ֆրանսիա / AFD և Եվրամիություն միջև», – ասաց Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հուբերտ Քնիրը:
«Այսօրվա ստորագրումը հաստատում է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ ամբողջությամբ իրականացնել բարեփոխումները, համապատասխանեցնել այն ԵՄ չափանիշներին, հեշտացնել անվտանգ անցումը դեպի կանաչ տնտեսություն, ստեղծել տարածաշրջանային էներգետիկ շուկայի հարթակ և ամրապնդել էներգետիկ ինքնիշխանությունը։ Վրաստանը քայլեր է ձեռնարկում էներգետիկ ոլորտի բարեփոխումների ուղղությամբ», – ասաց. Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը:
«Մենք բարձր ենք գնահատում արդյունավետ համագործակցությունը և շարունակական աջակցությունը մեր միջազգային գործընկերների հետ Վրաստանում շոշափելի բարեփոխումներ իրականացնելու գործում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին, ովքեր բարեփոխումների արշալույսին զգալիորեն օգնեցին մեզ մշակել Եվրոպական էներգետիկ համայնքին (EnC) Վրաստանի լիիրավ անդամակցության ռազմավարական շրջանակը և կատարել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:
Մենք նաև ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Վերակառուցման վարկային բանկին (KfW), Զարգացման ֆրանսիական գործակալությանը (AFD) և Եվրամիությանը (ԵՄ) իրենց համատեղ ջանքերի և սերտ համագործակցության համար՝ ուղղված Վրաստանում կանաչ և էներգետիկ ոլորտների զարգացմանը։ Առջևում մեր համագործակցությունն ընդլայնելու ավելի մեծ ծրագրեր կան, և ես կարծում եմ, որ այս մեծ առաջընթացը արդյունք կտա էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայի ոլորտներում բարեփոխումների իրականացմանը»,- ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
«Մենք ուրախ ենք շարունակել աշխատել Եվրոպայի մեր թիմակից գործընկերների հետ՝ բարեփոխումներ իրականացնելու համար՝ «Եվրոպայի Կանաչ համաձայնագրի» նպատակներին համապատասխան», – ասել է Վրաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Սիգրիդ Բրետելը: