Գերմանական մի շարք քաղաքներում պաղեստինցիների աջակցության ցույցեր են անցկացվել
Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Գերմանիայի Էսեն քաղաքում ցույցին 3000 մարդ է հավաքվել ի աջակցություն պաղեստինցիների։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, ցույցը նախապես ծրագրված էր եւ ուղեկցվում էր ոստիկանների կողմից։
Հանրահավաքի մասնակիցները դուրս են եկել «Գազան հարձակման տակ՝ միասին ընդդեմ անարդարության» կարգախոսով։
Ոստիկանությունից հայտնում են, որ հավաքն անցել է խաղաղ, և միջադեպի մասին տեղեկություն չի տարածվել։
Բացի այդ, բողոքի ակցիա է անցկացվել Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում, որին մասնակցել է մոտավորապես 850 մարդ։
Ինչպես գրում է գերմանական «Welt» հրատարակությունը, ոստիկանությունը ձերբակալել է ցույցի ինը մասնակցի։ Նրանց դեմ գործ է հարուցվել ատելություն սերմանելու և հակասահմանադրական խորհրդանիշներ օգտագործելու մեղադրանքով։
Բացի այդ, այսօր նախատեսվում է պաղեստինամետ ցույց անցկացնել նաև Գերմանիայի Բեռլին քաղաքում։ Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով, իրենք ակնկալում են, որ հանրահավաքին ներկա կլինի մոտ 2000 մարդ։