«Georgian Water and Power»-ը դիմել է դատախազություն՝ ջրի որակի մասին ապատեղեկատվության վերաբերյալ
«Georgian Water and Power» ընկերությունը դիմել է Վրաստանի դատախազություն։
Ըստ ընկերության՝ խմելու ջրի որակի մասին տարածված անհիմն ապատեղեկատվությունը զգալիորեն վնասել է ընկերության հեղինակությունը։
«Ջրի որակի վերաբերյալ նմանատիպ ապատեղեկատվություն եղել է նաև 2019թ.-ին, երբ «Georgian Water and Power»-ը դիմել է դատարան, և արդյունքում կեղծ տեղեկատվություն տարածողները ստիպված են եղել հրապարակավ ներողություն խնդրել։ Այս անգամ ընկերությունը դիմել է Վրաստանի դատախազություն՝ պարզելու ապատեղեկատվության աղբյուրն ու նպատակները և կանխելու նմանատիպ միջադեպ ապագայում»,- ասել է «Georgian Water and Power»-ի տեխնիկական տնօրեն Զուրաբ Ալփաիձեն։
«Georgian Water and Power»-ը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ բնակչությանը մատակարարվում է բարձրորակ խմելու ջուր։ Ըստ իրենց իսկ հայտարարության՝ որակի հսկողությունն իրականացվում է «GWP» լաբորատորիայի մասնագետների կողմից շարունակական ցիկլով՝ 24 ժամ։