Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկից հետո իսրայելական բանակի առնվազն 420 զինվոր է զոհվել
Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկից հետո իսրայելական բանակի առնվազն 420 զինվոր է զոհվել,- հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության ուժերին։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ մարտական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 5 000 զինվոր, որից 2 000-ը պաշտոնապես ճանաչվել է հաշմանդամ։ Իսրայելի պաշտպանության նախարարության վերականգնողական վարչությունը հայտնել է, որ վիրավորների ավելի քան 58 տոկոսն ունեցել է ձեռքի և ոտքի ծանր վնասվածքներ, այդ թվում՝ անդամահատում պահանջող:
«Վերականգնողական թեւն ամեն օր ընդունում է մոտ 60 նոր վիրավորների, իսկ վնասվածքների ցունամին դեռ առջեւում է։ Տուժածներից շատերը լուրջ վնասվածքներ ունեն։ Պետությունը պետք է հասկանա, որ կա մի իրավիճակ, որը պահանջում է ռեսուրսների նոր բաշխում»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարարության վերականգնողական բաժնի ղեկավար Լիմոր Լուրիան։