Գազայի հատվածում ասվում է, որ առնվազն 40 մարդ է զոհվել, ևս 65-ը վիրավորվել է հումանիտար գոտու վրա Իսրայելի հարձակման հետևանքով
«Գազայի հատվածում հումանիտար գոտու վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 40, վիրավորվել՝ 65 մարդ»,այտնում է «Ռոյթերս»-ը։ Գազայի հատվածի շտապ օգնության ծառայությունը հայտնել է, որ այդ թիվը ներառում է միայն այն մարդկանց, ովքեր հայտնաբերվել և տեղափոխվել են հիվանդանոցներ: Ենթադրվում է, որ փլատակների տակ ավելի շատ մարդիկ կան։ Զոհերի թվում կան կանայք և երեխաներ։
Նրանց տվյալներով՝ հումանիտար գոտում ընկել է չորս հրթիռ, այրվել է առնվազն 20 վրան։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրենց թիրախը եղել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնը։
Տեղեկատվության համար, ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, Գազայում բնակվող 2,3 միլիոն բնակչից գրեթե բոլորը առնվազն մեկ անգամ ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ ոմանք ստիպված են եղել տասն անգամ լքել իրենց տները։
ՀԱՄԱՍ-ի ղեկավարած Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 40900 պաղեստինցի: