Gallup կազմակերպության հետազոտության համաձայն՝ ուկրաինացիների 66%-ը կարծում է, որ պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի բանակցությունների միջոցով

18:26, 03.07.2026

Ուկրաինացիների մեծամասնությունը, պատերազմը շարունակելու փոխարեն, կողմ է բանակցությունների միջոցով դրա դադարեցմանը. այս մասին արտացոլված է Gallup կազմակերպության հետազոտության մեջ։

Հետազոտության համաձայն՝ հարցված ուկրաինացիների 24%-ը կարծում է, որ Ուկրաինան պետք է շարունակի պայքարը մինչև հաղթանակ, մինչդեռ 66%-ը գտնում է, որ երկիրը պետք է փորձի որքան հնարավոր է շուտ բանակցությունների միջոցով դադարեցնել պատերազմը։

Ըստ հարցման՝ այս ցուցանիշները գրեթե նույնական են 2025 թվականի տվյալներին և ներկայացնում են համարյա լիովին հակառակ պատկերը 2022 թվականի դրության հետ համեմատած. հակամարտության սկզբնական ամիսներին հարցվածների 73%-ն աջակցում էր պայքարի շարունակմանը, իսկ 22%-ը կողմ էր արագ բանակցություններին։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բանակցությունների աջակցությունը հատկապես բարձր է Ուկրաինայի արևելքում, որտեղ հարցվածների 63%-ն աջակցում է պատերազմի հնարավորինս արագ ավարտին։

Միևնույն ժամանակ, հետազոտության համաձայն, ուկրաինացիների մեծամասնությունը կասկածանքով է վերաբերվում այն հեռանկարին, որ ռազմական գործողությունները կավարտվեն մոտ ապագայում։ Հարցվածների միայն 5%-ն է համարում, որ դա «շատ հավանական է», 18%-ը կարծում է, որ «որոշ չափով հավանական է», այն դեպքում, երբ 36%-ը գտնում է, որ դա «շատ քիչ հավանական է», իսկ 34%-ը՝ «որոշ չափով քիչ հավանական»։

Gallup-ի հետազոտության համաձայն՝ ուկրաինացիների շրջանում ԱՄՆ-ի ղեկավարության հանդեպ վստահությունը շարունակում է նվազել։ Հարցվածների միայն 7%-ն է դրական գնահատում ԱՄՆ-ի ղեկավարությունը, իսկ 79%-ը՝ բացասական։ Այս ցուցանիշը 2025 թվականի համեմատ նվազել է 9 տոկոսային կետով։

Հետազոտության հեղինակները նշում են, որ 2022 թվականի համեմատ Ուկրաինայում ԱՄՆ-ի նկատմամբ դրական վերաբերմունքը նվազել է 59 տոկոսային կետով։ Նրանց գնահատմամբ՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում ավելի քան 140 երկրներում անցկացված հետազոտությունների հիման վրա, ԱՄՆ-ի նկատմամբ վերաբերմունքի նման կտրուկ անկում որևէ այլ երկրում և որևէ հնգամյա ժամանակահատվածում չի արձանագրվել։

Հարցումը նաև ցույց է տվել, որ ուկրաինացիների 30%-ի կարծիքով՝ երկիրը առաջիկա տասնամյակում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այս ցուցանիշը գրեթե համընկնում է անցյալ տարվա տվյալների հետ (32%)։ Բացի այդ, հարցվածների գրեթե կեսը (49%) կարծում է, որ Ուկրաինան հաջորդ տասնամյակում կդառնա Եվրամիության անդամ։

Նմանատիպ