Գաբալայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
Ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, հանդիպման ընթացքում Ալիևը և Օրբանը դրական են գնահատել Ադրբեջանի և Հունգարիայի միջև հարաբերությունների ներկայիս վիճակը։ Քննարկվել է էներգետիկայի, ներդրումների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությունը։ Նշվել է նաև հունգարական ընկերությունների մասնակցությունը Ջեբրաիլի շրջանի գյուղերից մեկի շինարարությանը։
Օրբանը Ադրբեջանում է գտնվում թուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա Գաբալայում հոկտեմբերի 7-ին։ Թուրքալեզու պետությունների կազմակերպության անդամներն են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը, իսկ Հունգարիան, Թուրքմենստանը և չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը դիտորդի կարգավիճակ ունեն։