G7-ի ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարներն ասում են, որ 19,8 միլիարդ դոլար են մոբիլիզացրել Ուկրաինայի համար
«Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները հայտարարել են, որ 19,8 միլիարդ դոլլար են մոբիլիզացրել Ուկրաինայի համար և անհրաժեշտության դեպքում խոստացել են լրացուցիչ ֆինանսական օգնություն,- հաղորդում է «Reuters»-ը:
«2022 թվականին մենք մոբիլիզացրել ենք 19,8 միլիարդ դոլլարի աջակցություն, այդ թվում՝ 9,5 միլիարդ դոլլարի պարտավորություններ՝ օգնելու Ուկրաինային փակել իր ֆինանսական բացը և շարունակել հիմնական ծառայություններ մատուցել ուկրաինացի ժողովրդին», – ասվում է G7-ի հայտարարության մեջ:
«Բացի այդ, մենք ողջունում ենք G7-ի և միջազգային ֆինանսական կառույցների շարունակական աշխատանքը Ուկրաինային հետագա զգալի ֆինանսավորման վերաբերյալ, մասնավորապես Եվրահանձնաժողովի առաջարկը՝ մինչև 9 միլիարդ եվրոյի լրացուցիչ մակրոֆինանսական օգնության վերաբերյալ: Ուկրաինական պետական ձեռնարկություններին և մասնավոր հատվածին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջոցով ծրագրված լրացուցիչ աջակցությունը կազմում է 3,4 միլիարդ դոլար: Մենք կշարունակենք Ուկրաինայի կողքին լինել պատերազմի ընթացքում և դրանից հետո, և պատրաստ ենք ավելին անել, եթե անհրաժեշտ լինի»,- ասվում է փաստաթղթում։