G7-ը համաձայնել է Ուկրաինայի կարևոր էներգետիկ և ջրային ենթակառուցվածքների պաշտպանության մեխանիզմ ստեղծել

21:57, 04.11.2022

«G7-ը համաձայնել է Ուկրաինայի կարևոր էներգետիկ և ջրային ենթակառուցվածքների պաշտպանության մեխանիզմ ստեղծել»-կարդում ենք «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ։

«Մեծ յոթնյակի» հայտարարության համաձայն՝ դեկտեմբերի 13-ին Ֆրանսիան և Ուկրաինան Փարիզում կկազմակերպեն միջազգային համաժողով, որի նպատակն է աջակցել Ուկրաինայի քաղաքացիական կայունությանը։

«Մենք հաստատակամորեն կկանգնենք Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան կլինի անհրաժեշտ»,- ասվում է G7-ի հայտարարության մեջ։

G7-ը դեռևս կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ և դուրս բերել իր ուժերը: Նախարարները նշում են, որ Ռուսաստանի հարձակումները խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների վրա ռազմական հանցագործություններ են։ «Մեծ յոթնյակը» պատրաստ է մեղավորների պատասխանատվության ենթարկել:

«Մեծ յոթնյակն» անընդունելի է համարում Ռուսաստանի անպատասխանատու միջուկային հռետորաբանությունը։

«Ռուսաստանի կողմից ի պատասխան քիմիական, կենսաբանական կամ միջուկային զենքի ցանկացած օգտագործում լուրջ հետևանքներ կունենա։ Մենք նաև մերժում ենք Ռուսաստանի կեղծ մեղադրանքները, թե Ուկրաինան պատրաստվում է օգտագործել ռադիոլոգիական «կեղտոտ ռումբ»։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները հաստատել են, որ այդ մեղադրանքներն անհիմն են և մենք ողջունում ենք Ուկրաինայի թափանցիկությունը»,- ասված է հայտարարության մեջ։

G7-ն ասում է, որ կշարունակի տնտեսական ծախսեր պարտադրել Ռուսաստանին, ինչպես նաև այլ երկրների, ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք ռազմական աջակցություն են ցուցաբերում Մոսկվային: Ինչպես նշում են նախարարները, եթե Բելառուսն ավելի անմիջականորեն ներգրավվի Ռուսաստանի պատերազմին, G7-ը հսկայական լրացուցիչ ծախսեր կպահանջի բելառուսական ռեժիմի վրա։

Այդուհանդերձ, հայտարարության մեջ ասվում է, որ բանակցությունների մասին Ռուսաստանի կոչերը վստահության չեն արժանի, քանի որ այն շարունակում է սաստկացնել պատերազմը, տարածել նոր սպառնալիքներ և ապատեղեկատվություն։

G7-ը կշարունակի համակարգել՝ մեղմելու Ռուսաստանի պատերազմի հետևանքները համաշխարհային տնտեսական կայունության, պարենային և էներգետիկ անվտանգության վրա: G7-ը նաև աջակցում է «Հացահատիկի համաձայնագրի» երկարաձգման մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Միաժամանակ նա նավթ արդյունահանող երկրներին կոչ է անում ավելացնել արդյունահանումը։ «Մեծ յոթնյակը» առաջիկա շաբաթներին կավարտի ռուսական նավթի գնի սահմանումը։

Նմանատիպ