Գերմանիայում, Սուրբ Ծննդյան շուկայում, պայթուցիկ սարք են հայտնաբերել

Պոտսդամում ոստիկանությունը պայթուցիկ սարք է գտել Սուրբ Ծննդյան շուկայի մոտակայքում, հաղորդում է BBC- ն:

Ինքնաշեն ռումբը ծանրոցի ձեւով դեղատուն է ուղարկվել: Այն դուրս ցցված լարերի շնորհիվ հայտնաբերվել է: Ոստիկանությունը հայտարարել է, որ վերահսկելի պայթյուն կիրականացնի:

Potsdamer Neueste Nachrichten թերթը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Պոտսդամի կենտրոնում՝ Սուրբ Ծննդյան շուկաներից մեկի հարեւանությամբ:

Անցյալ տարվա դեկտեմբերին 12 մարդ սպանվեց, երբ ահաբեկիչը առեւանգել էր բեռնատար մեքենան եւ դրանով Բեռլինի Սուրբ Ծննդյան շուկայի մեջ մխրճվել:

Երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ին, Գերմանիայում ավելի քան 2600 Սուրբ Ծննդյան շուկա է բացվել: