Ֆուտբոլ | Թբիլիսիի «Իբերիան» հաղթեց «Լարնին» և եվրոգավաթների հիմնական փուլում խաղալու իրավունք նվաճեց #1TVSPORT
Թբիլիսիի «Իբերիան» Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթեց Հյուսիսային Իրլանդիայի ներկայացուցիչ «Լարնին» և եվրոգավաթների՝ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում խաղալու իրավունք նվաճեց։
Վրաստանի չեմպիոնը հյուսիսիրլանդական թիմի հետ հյուրընկալվելիս խաղացել էր 0:0։ Պատասխան մրցելույթի համար թիմի մեկնարկային կազմ վերադարձավ Վախո Բեդոշվիլին, ով առաջին հանդիպումը բաց էր թողել վնասվածքի պատճառով։ «Միխեիլ Մեսխի» մարզադաշտ եկած շուրջ 17 հազար երկրպագուները ականատես եղան ծանր պայքարի։
«Իբերիան» զգույշ էր խաղում և ուշադրություն էր դարձնում պաշտպանությանը, սակայն պահեր ևս ստեղծում էր և 74-րդ րոպեին բացեց հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Վախո Բեդոշվիլին։ Հյուրերը երկու րոպե անց Սիմպսոնի հարվածով վերականգնեցին հավասարակշռությունը։
Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ Վրաստանի չեմպիոնին 102-րդ րոպեին առաջ մղեց Նիկա Սիխարուլաշվիլին. նա օգտագործեց Անդրիա Բարթիշվիլիի փոխանցումը։
Այս հաղթանակով «Իբերիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ և միևնույն ժամանակ նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում խաղալու իրավունք։ Վրացական թիմը վերջին անգամ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարի գլխավոր փուլում խաղացել էր 2004 թվականին, երբ Թբիլիսիի «Դինամոն» հանդես էր եկել ՈՒԵՖԱ-ի գավաթի խմբային փուլում։
Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում «Իբերիայի» մրցակիցը կլինի լեհական «Յագելոնիայի» և շոտլանդական «Ռեյնջերսի» միջև զույգի հաղթողը։