Ֆրիդրիխ Մերցը խոսում է ԱՄՆ-ից Եվրոպայի անկախության ամրապնդման անհրաժեշտության մասին և կասկածի տակ է դնում ՆԱՏՕ-ի ապագան
Գերմանիայի պահպանողական դաշինքի՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության/Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը խոսում է ԱՄՆ-ից Եվրոպայի անկախության ամրապնդման և ՆԱՏՕ-ի ապագայի վրա կասկածի տակ դնելու անհրաժեշտության մասին։ Այս մասին Մերցն ասել է կիրակի օրը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Մերցն ասել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը թքած ունի Եվրոպայի վրա և մոտենում է Ռուսաստանին։ Նա նաև ասել է, որ Եվրոպան պետք է շտապ ուժեղացնի իր պաշտպանությունը։
«Իմ բացարձակ առաջնահերթությունը կլինի Եվրոպան հնարավորինս արագ հզորացնելը, որպեսզի մենք քայլ առ քայլ կարողանանք հասնել իրական անկախության ԱՄՆ-ից»,- ասել է Գերմանիայի ապագա կանցլերը։
Մերցը, որը ՆԱՏՕ-ի հավատարիմ կողմնակիցն է, ենթադրում է, որ եվրոպացիները կարող են ստիպված լինել նոր պաշտպանական կառույց մշակել դաշինքին փոխարինելու համար:
«Ինձ շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես ենք մենք շարժվում դեպի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հունիսի վերջին: Անկախ նրանից, թե մենք նորից կխոսենք ՆԱՏՕ-ի մասին իր ներկայիս տեսքով, թե ոչ, մենք ստիպված կլինենք շատ ավելի արագ ստեղծել անկախ եվրոպական պաշտպանական կարողություն»,- ասել է Մերցը։
Ինչպես նշել է Մերցը, ինքը որոշակի հույս ունի, որ ԱՄՆ Կոնգրեսը և Սպիտակ տունը Ուկրաինային չեն բացառի խաղաղ բանակցություններից։
«Ես վստահ չեմ, թե ինչպիսին կլինի ամերիկյան կառավարության դիրքորոշումն այս պատերազմի վերաբերյալ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում: Վերջին օրերի իմ տպավորությունն այնպիսին է, որ Ռուսաստանն ու Ամերիկան միավորվում են Ուկրաինայի, հետևաբար՝ Եվրոպայի հաշվին»,- ասել է նա։
Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության պահպանողական դաշինքը փետրվարի 23-ին կայացած ընտրություններում ստացել է ձայների մեծամասնությունը, և սպասվում է, որ Մերցը կդառնա Գերմանիայի նոր կանցլերը։
Երկրորդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը, որը զգալի հաջողությունների է հասել Գերմանիայի արեւելյան հատվածում։