Ֆրանսիայում շարունակվում են ֆերմերների բողոքի ցույցերը։ Ցուցարարներն այսօր ցույցեր են անցկացրել հանրապետության շուրջ 60 բնակավայրերում, որոնց մասնակիցները խոչընդոտում են ավտոմոբիլների տեղաշարժը մայրուղիներով։
Հանրահավաքի մասնակիցները կառավարությունից պահանջում են նվազեցնել դիզվառելիքի հարկերը։ Գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչները նաև կոչ են անում կառավարությանը մեղմացնել բնապահպանական օրենսդրությունը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մի օրինագծի, որը ֆերմերներին պարտավորեցնում է իրենց հողերի չորս տոկոսը թողնել անմշակ՝ կենսաբազմազանությունը պահպանելու համար։
Գործողություններին զուգահեռ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը էկոնոմիկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարարի հետ արտահերթ հանդիպում է անցկացնում։ Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, հավանական է, որ կառավարությունը կբավարարի ֆերմերների որոշ պահանջներ կամ փոխզիջման կգնա։