Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

11:05, 19.06.2022

Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Բնակչությունը պետք է ընտրի Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի 577 պատգամավոր՝ հինգ տարի ժամկետով։

Նախագահ Էմանուել Մակրոնի շուրջ հավաքված «Միասին» (Ensemble!) դաշինքը և Ժան-Լյուկ Մելանշոնի շուրջ հավաքված ձախ ուժերի կոալիցիան՝ Նոր ձախ դաշինքը (Nupes), հաղթելու լավագույն շանսերն ունեն։ Քաղաքական կոալիցիաները պետք է ստանան 289 մանդատ՝ խորհրդարանում լիարժեք մեծամասնություն ստանալու համար։

Անցյալ շաբաթ ընտրությունների առաջին փուլում Մակրոնի «Միասին» կոալիցիան 0,1 տոկոսով ավելի շատ ձայն է հավաքել, քան ձախակողմյան կոալիցիան։

Հարցումների համաձայն՝ երկու կողմերն էլ հաղթելու հավասար հնարավորություններ ունեն։ Փորձագետները կարծում են, որ ծայրահեղ աջ Մարին Լը Պենի կուսակցությունը նույնպես կարող է երկրորդ փուլում մոտ 30-ից 50 մանդատ ստանալ։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կփակվեն ժամը 20:00-ին:

Հատկանշական է, որ անցած շաբաթ ընտրողների մասնակցությունը կազմել է 40 տոկոս՝ ամենացածրը վերջին 30 տարվա ընթացքում:

Նմանատիպ