Ֆրանսիայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացին, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ #1TVSPORT
Ֆրանսիայում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացին, ով պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ #1TVSPORT

Ֆրանսիայում ձերբակալվել է Ռուսաստանի 18-ամյա քաղաքացի, ով կասկածվում է Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ։

Ինչպես հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը, մայիսի 22-ին Ներքին անվտանգության գլխավոր վարչության (DGSI) աշխատակիցները ձերբակալել են ծագումով չեչեն մի երիտասարդի։ Նրանք կասկածում են, որ «իսլամից ոգեշնչված» ռուսաստանցի մի քաղաքացի ծրագրում էր հարձակվել Սենտ Էթյենի ֆուտբոլային մարզադաշտի վրա 2024 թվականի խաղերի ժամանակ։

Հետաքննության նախնական տվյալներով՝ տղամարդը նպատակաուղղված ահաբեկչություն էր նախապատրաստում հանդիսատեսների և ոստիկանների վրա «Ջեոֆրոյ Գիչարդ» մարզադաշտում, որտեղ ամռանը կանցկացվեն ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի հանդիպումները։ Կասկածյալին ձերբակալել են իր տանը, այն բանից հետո, երբ նրա նկատմամբ առաջին հետախուզությունն արդեն իրականացվել է։ Կիրակի օրը նրան մեղադրանք է առաջադրվել որպես ահաբեկչական խմբավորման առաջնորդ, որը ծրագրել է հանցագործություններ՝ մարդկանց վնասելու համար: Ձերբակալությունից հետո նրան տեղափոխել են քննչական մեկուսարանում։

Խուզարկության ժամանակ քննիչները Ռուսաստանի քաղաքացու համակարգչում հայտնաբերել են «Սենտ Էթյեն» մարզադաշտի լուսանկարը, իսկ հեռախոսում նույն մարզադաշտի տեսագրությունը։

Նրանք նշում են, որ մինչ ձերբակալությունը կասկածյալը հայտնի չէր ոստիկանության և արդարադատության մարմիններին։ Երիտասարդը Ֆրանսիա է ժամանել 2023 թվականին ծնողների հետ։ Նրա անչափահաս եղբայրը նույնպես ձերբակալվել է, սակայն շուտով ազատ է արձակվել։

«Սա առաջին դեպքն է, երբ կանխվում է հարձակում Փարիզի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի վրա, ինչպես նաև 50-րդ հնարավոր հարձակումը, որը մեր ծառայությունները կանխել են 2017 թվականից ի վեր», – ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը։