Ֆրանսիայում «Դեղին ժիլետներ» շարժումը նոր ցույցեր է անոնսավորել

18:24, 24.10.2026
Ֆրանսիայում «Դեղին ժիլետներ» շարժումը, որը մասնակցում է երկրում մասշտաբային բողոքի ակցիաների կազմակերպմանը, նոր ցույցեր է անոնսավորել։ Ակցիաները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին։
«Ֆրանս 24»-ի տեղեկացմամբ՝ կազմակերպիչները ծրագրում են երկրի ողջ տարածքում անցկացնել բողոքի երթեր և նստացույցեր խորհրդարանի ու քաղաքապետարանի շենքերի առջև։ Նրանք դատապարտում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կառավարման «ավտորիտար միտումը» և քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ փողոց՝ «հասարակական ազատությունները» պաշտպանելու համար։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 24-ին, «Դեղին ժիլետներ» շարժման անդամները դժգոհ են մնացել ոստիկանության որոշումից։
Ոստիկանությունը վերջին պահին փոխել է արհմիությունների կողմից կազմակերպված երթի երթուղին և այն Փարիզի կենտրոնից տեղափոխել մայրաքաղաքի ծայրամաս։ Շարժման անդամները բողոքարկել են երթուղու փոփոխման որոշումը և չեն ենթարկվել ոստիկանության պահանջին։ «Գալիք շաբաթ օրը դուրս կգանք բողոքի ակցիաներ անցկացնելու ազատության և մեր բոլոր ազատությունների պաշտպանության համար», – լրագրողներին հայտնել է «Դեղին ժիլետներ» շարժման համակարգողներից մեկը Փարիզի Բաստիլի հրապարակում, որտեղից ի սկզբանե պետք է սկսվեր երթը։
Հոկտեմբերի 24-ի ժամը 13:00-ի դրությամբ՝ Ֆրանսիայում բողոքի ակցիաների հետ կապված ձերբակալվել է 135 մարդ։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի հայտարարությամբ՝ անցյալ շաբաթվա բռնությունների կրկնությունից խուսափելու համար, մասնագիտացված ստորաբաժանումների աջակցությամբ, երկրի ողջ տարածքում կգործի 70 000 ոստիկան։

Նմանատիպ