Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել միգրացիոն քաղաքականության խստացման օրենքին
Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել միգրացիոն քաղաքականության խստացման օրենքին։ Օրենսդրական նախաձեռնությանն աջակցել են խորհրդարանի երկու պալատները։ Ստորին պալատում՝ օրենսդիր ժողովում, փաստաթղթին աջակցել է 349 պատգամավոր, դեմ՝ 186-ը։
Ինչպես նախագահ Մակրոնի կենտրոնամետ կուսակցության, այնպես էլ Մարին Լը Պենի ծայրահեղ աջ կուսակցության անդամները կողմ են քվեարկել միգրացիոն օրենքին։
Օրենսդրական փոփոխությունները նախատեսում են անօրինական ճանապարհով Ֆրանսիա ժամանած միգրանտների արտաքսման պարզեցում եւ սոցիալական օգնություն ստանալու բարդացում։ Նաև նոր կանոնները միգրանտների համար ավելի դժվարացնում են իրենց ընտանիքի անդամներին Ֆրանսիա բերելը։
Օրենքի նախագծով նախատեսվում է նաեւ Ֆրանսիայի քաղաքացիությունից զրկել իրավապահ մարմինների դեմ հանցագործություն կատարած երկքաղաքացիություն ունեցող անձանց։
«Այսօր խիստ միջոցներ են անհրաժեշտ», – քվեարկությունից հետո ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։
Մարին Լը Պենը նույնպես ողջունել է իրավական փոփոխությունները՝ օրենքը անվանելով «գաղափարական հաղթանակ»։