Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն պաշտոնապես ստանձնեց պաշտոնը և առաջին անգամ դիմեց հանրությանը
Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն պաշտոնապես ստանձնեց պաշտոնը և առաջին անգամ դիմեց հանրությանը

Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Միշել Բարնիեն պաշտոնապես ստանձնեց պաշտոնը և առաջին անգամ դիմեց հանրությանը։

Միշել Բարնիեի խոսքով՝ ինքը ցանկանում է արձագանքել այն մարտահրավերներին ու անարդարություններին, որոնք վերապրում են ֆրանսիացիները։

«Մենք գտնվում ենք դժվար ժամանակներում: Կարևոր է, որ այս նոր էջը, այս շրջանը օգտակար լինի ֆրանսիացիների և Ֆրանսիայի համար»,- ասաց Միշել Բարնիեն։
Ֆրանսիայի նոր վարչապետը նշեց, որ մի քանի օրից, առավելագույնը մի քանի շաբաթից խորհրդարանին կներկայացնի նոր կառավարության օրենսդրական առաջնահերթություններն ու առաջարկները։

«Հիմա վարչապետից սպասվում է ճշմարտությունը, թեկուզ դժվար։ Մենք նախ պետք է գործենք, ոչ թե խոսենք, որպեսզի լուծումներ գտնենք, որոնք կաշխատեն»,- ասել է Բարնիեն։

Ինչպես բացատրեց Միշել Բարնիեն, ապագայում անհրաժեշտ կլինի «մեծ ուշադրություն և մեծ հարգանք, առաջին հերթին կառավարության և խորհրդարանի միջև», ինչպես նաև քաղաքական կյանքի բոլոր մասնակիցների միջև։

Տեղեկության համար՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նոր վարչապետ է նշանակել 73-ամյա Միշել Բարնիեին։ Նա 2016-2021 թվականներին եղել է Եվրամիության ներկայացուցիչը ԲՐԻՔՍԻԹ-ի բանակցություններում։

Նոր վարչապետի նշանակումը տեղի ունեցավ արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու ամիս անց, որի արդյունքում ոչ մի կուսակցություն չկարողացավ մեծամասնություն ստանալ։

Հուլիսին կայացած ընտրությունների արդյունքում ձախակողմյան դաշինքը՝ Նոր ժողովրդական ճակատը, 577 տեղանոց Ազգային ժողովում զբաղեցրեց 190-րդ տեղը։ Մակրոնի կենտրոնամետ դաշինքը մոտ 160 մանդատով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ աջակողմյան Ազգային միությունը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, զբաղեցրել է երրորդ տեղը՝ 140 մանդատով։