Ֆրանսիայի եւ Ուկրաինայի ստորագրած երկկողմ համաձայնագրի առնչությամբ երկրի խորհրդարանում քննարկում եւ քվեարկություն կանցկացվի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով՝ երկրի խորհրդարանում քննարկում և քվեարկություն կանցկացվի՝ կապված փետրվարի 16-ին Ֆրանսիայի և Ուկրաինայի միջև ստորագրված երկկողմ համաձայնագրի հետ։
Ելիսեյան պալատը չի նշում, թե որ հարցի շուրջ է քվեարկվելու, անհայտ է նաեւ բանավեճի օրը։
Ֆրանսիան և Ուկրաինան փետրվարի 16-ին ստորագրել են անվտանգության ոլորտում համագործակցության 10-ամյա համաձայնագիր։ Համաձայնագրի շրջանակներում Ֆրանսիան նախատեսում է 3 միլիարդ եվրոյի լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրել Կիեւին։ Դրանց թվում կլինի համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության, ռազմական պատրաստության, հետախուզության և քաղաքացիական աջակցության ոլորտում։
Նշենք, որ նախօրեին Փարիզում նախագահ Մակրոնի հրավերով կայացել է Ուկրաինայի 20 արեւմտյան գործընկերների հանդիպումը, որտեղ քննարկվել են հետագա աջակցության հարցեր։ Հանդիպման արդյունքում հայտարարվել է կոալիցիայի ստեղծման մասին, որը Ուկրաինային կմատակարարի միջին և մեծ հեռահարության հրթիռներ։
Նույն հանդիպումից հետո Մակրոնը հայտնել է ապագայում Ուկրաինա արևմտյան զինված ուժեր ուղարկելու հնարավորությունը, թեև նշել է, որ ներկայումս դաշնակիցների միջև այս հարցում կոնսենսուս չկա։