Ֆրանսիայի ազգային հեռարձակող ընկերությունը հրաժարվում է հյուրընկալել մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը՝ ֆինանսական պատճառներով
Ֆրանսիայի ազգային հեռարձակողը հայտարարում է, որ չի հյուրընկալելու 2026 թվականի Մանկական Եվրատեսիլը։
Որպես Մանկական Եվրատեսիլ 2025-ի հաղթող երկիր՝ Ֆրանսիան ուներ հրաժարվելու իրավունք 2026 թվականի մրցույթի անցկացումից։
France Télévisions-ը հայտնել է, որ հրաժարվելու պատճառը ֆինանսական է։ Հեռարձակողի հաղորդմամբ՝ կազմակերպությունը պետք է խնայի շուրջ 140 միլիոն եվրո, որպեսզի հավասարակշռի 2026 թվականի բյուջեն։
Հայտարարության մեջ France Télévisions-ը նշել է մի շարք քայլեր, որոնց միջոցով նախատեսում է ապահովել անհրաժեշտ խնայողություն. դրանց թվում են՝ ազգային ծրագրերի ցանցի ծախսերի հետագա կրճատում, կրկնութով ցուցադրվող ստեղծագործական հաղորդումների քանակի ավելացում, որոշ հաղորդումների դադարեցում, ինչպես նաև հնարավոր է՝ մեկ կամ մի քանի սպորտային իրադարձությունների հեռարձակման իրավունքների վաճառք։
Սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիան Մանկական Եվրատեսիլի հաղթող դառնալուց հետո հրաժարվում է մրցույթը հյուրընկալելուց։ 2024 թվականին Ֆրանսիան հրաժարվեց մրցույթից այն բանից հետո, երբ վերջին երեք մրցույթից երկուսը արդեն հյուրընկալել էր, և որոշել էր կենտրոնանալ 2024 թվականի Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի լուսաբանման վրա։ Արդյունքում, մրցույթի հյուրընկալող երկիրը դարձավ Իսպանիան, և 2024 թվականի Մանկական Եվրատեսիլը անցկացվեց Մադրիդում։
Ներկայումս անհայտ է, թե Ֆրանսիայի ազգային հեռարձակողի բյուջեի կրճատումը ինչ ազդեցություն կունենա Ֆրանսիայի մասնակցության վրա 2026 թվականի Մանկական Եվրատեսիլում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Թբիլիսիում կայացած Մանկական Եվրատեսիլ 2025-ի մրցույթում հաղթեց ֆրանսիացի մասնակիցը։