Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար. ԵՄ-ն թույլ չի տա այլ երկրներին հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա
Եվրամիությունը թույլ չի տա այլ երկրներին հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարոն՝ մեկնաբանելով Գրենլանդիայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր նստավայրում կայացած մամուլի ասուլիսում չի բացառել ռազմական ուժի կիրառումը Պանամայի ջրանցքի և Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
Ֆրանսիայի արտգործնախարարն ասել է, որ չի հավատում, որ ԱՄՆ-ը ներխուժելու է Արկտիկայի կղզի, որն ավելի քան 600 տարի եղել է Դանիայի կազմում։
«Հասկանալի է, որ Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի մյուս երկրներին հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա՝ ով էլ որ նրանք լինեն։ Մենք ուժեղ մայրցամաք ենք»,- տեղական լրատվամիջոցներին ասել է ֆրանսիացի դիվանագետը։
«Եթե ինձ հարցնեք, թե կարծում եմ, որ ԱՄՆ-ն ներխուժելու է Գրենլանդիա, իմ պատասխանը բացասական է։ Բայց արդյո՞ք մենք մտել ենք ամենաուժեղների գոյատևման դարաշրջանը: Այդ դեպքում իմ պատասխանը այո է»,- ասել է Ժան-Նոել Բարրոն։
Նախարարի խոսքով՝ Եվրամիությունը չպետք է թույլ տա իրեն վախեցնել կամ չափից դուրս անհանգստացնել, այլ պետք է զգոն լինի ու ուժեղանա։