Ֆրանսիայի ԱԳՆ. Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն սկսելը Լեռնային Ղարաբաղում, ոչ մի պատճառաբանություն չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը
Ֆրանսիայի ԱԳՆ. Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողություն սկսելը Լեռնային Ղարաբաղում, ոչ մի պատճառաբանություն չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը

Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումը և վերադառնալ միջազգային իրավունքի հարգմանը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Ֆրանսիան խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծանր զինատեսակների կիրառմամբ ռազմական գործողություն սկսելը, այդ թվում՝ բնակեցված տարածքների դեմ։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ ոչ մի պատճառաբանություն չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունը, որը վտանգի տակ է դնում հազարավոր խաղաղ բնակիչներին, որոնք արդեն տուժել են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակումից:

«Գոյություն ունեցող իրավիճակը Ադրբեջանին պատասխանատու է դարձնում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար։ Ֆրանսիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել: Ֆրանսիան սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ այս անընդունելի հարձակմանը ուժեղ պատասխան ապահովելու համար»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մեկնարկի մասին։

Ադրբեջանի ՊՆ հայտարարության համաձայն՝ «Հայաստանի զինված ուժերի կազմավորումների կողմից ղարաբաղյան շրջանում ադրբեջանական բանակի դիրքերի համակարգված ռմբակոծումը, տարածքների շարունակական ականապատումը, ինժեներական աշխատանքների կատարումը, մարտական ​​դիրքերի բարելավման համար, ինչպես նաև խրամատների ավելացումը վերջին ամիսներին էլ ավելի մեծ լարվածության պատճառ են դարձել»։

Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում տեղակայված բանակ չունի։