«Ֆորբս» - ուկրաինացի զինվորականները արեւմտյան F-16 կործանիչով խոցել են ռուսական Սու-34 ռմբակոծիչ
Ուկրաինացի զինվորականները արեւմտյան F-16 կործանիչով խոցել են ռուսական Սու-34 կործանիչ-ռմբակոծիչ։ Այս մասին հայտնում է «Forbes»-ը՝ հիմնվելով ռուսական «Telegram»-ի ալիքների վրա։ Համաձայն տարածված տեղեկությունների՝ հոկտեմբերի 12-ին Ուկրաինայում ռուսական ռազմական ինքնաթիռ է խոցվել։ Ռուսաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունները հայտարարություն չեն տարածել, սակայն ռուսական լրատվական աղբյուրները գրում են, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է առաջնագծից 50 կիլոմետր հեռավորության վրա, և դա արվել է ամերիկյան արտադրության F-16-ով։ Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները և Նորվեգիան խոստացել են Ուկրաինային մատակարարել ավելի քան 90 F-16 այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռի տեղափոխմանը։ Առաջին ինքնաթիռներն Ուկրաինա են ժամանել օգոստոսին։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, եթե կործանումը հաստատվի, դա կլինի առաջին դեպքը, երբ ամերիկյան ինքնաթիռը խոցում է կառավարվող ռուսական կործանիչը: