FLYONE Armenia ավիաընկերությունը նախատեսում է սկսել գործունեությունը Վրաստանի ուղղությամբ
Հայկական ցածր բյուջետանոց FLYONE Armenia ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր օդային հաղորդակցություն սկսել դեպի Վրաստան։ Տեղեկությունը տարածում է Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, Երևան-Թբիլիսի-Երևան ավիագծով չվերթներ կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ:
Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը լիովին բավարարել է FLYONE Armenia-ի թռիչքի հայտը պահանջվող ժամանակահատվածի համար (հունվարի 31-ից մինչև 2022 թվականի մարտի 26-ը), թեև ավիաընկերությունը շահագործման մեկնարկի ճշգրիտ ամսաթիվը կհայտարարի ավելի ուշ։ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հունվարի 31-ին FLYONE Armenia-ին գործունեության արտոնագիր է տրամադրել։
«Նկատի ունեցեք, որ համավարակաբանական իրավիճակի համաձայն՝ պետությունների կողմից պարբերաբար փոխվում են սահմանային սահմանափակումները և սանիտարական պահանջները, ինչն արտահայտվում է ավիաընկերությունների որոշումներում՝ այս կամ այն ուղղությամբ օդային հաղորդակցությունը սկսելու, երկարացնելու կամ թարմացնելու առումով։ Կոչ ենք անում քաղաքացիներին զգույշ լինել իրենց ուղևորությունը պլանավորելիս, ուշադիր կարդալ նպատակակետ երկրի կողմից սահմանված սահմանային և սանիտարական կանոնակարգերը, ավիաընկերությունների ծանուցումները, պաշտոնական աղբյուրներում տեղադրված հայտարարություններն ու չվացուցակները»,- ասվում է հաղորդագրության մեջ։