Ֆիննական էներգետիկ ընկերության տվյալներով, վաղը կդադարեցվի Ռուսաստանից բնական գազի ներմուծումը Ֆինլանդիա
Ֆիննական «Gasum» էներգետիկ ընկերության տվյալներով, Ռուսաստանից բնական գազի ներմուծումը կդադարեցվի շաբաթ օրը՝ մայիսի 21-ին, Ֆինլանդիայի ժամանակով ժամը 07:00-ին։ Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։
«Ուրբաթ օրը՝ մայիսի 20-ին, «Gazprom Export»-ը «Gasum»-ին տեղեկացրել է, որ բնական գազի մատակարարումը Ֆինլանդիա կդադարեցվի 2022 թվականի մայիսի 21-ին՝ շաբաթ օրը, ժամը 07:00-ին։ Վաղվանից սկսած՝ ամառային սեզոնին, «Gasum»-ն իր բաժանորդներին բնական գազ կմատակարարի այլ աղբյուրներից «Balticconnector» խողովակաշարով։ «Gasum» գազալցակայանների տարածքում աշխատանքները կշարունակվեն բնականոն հունով»,- ասված է հաղորդագրությունում։
Ֆինլանդիայի գազի հիմնական մասը ներկրվում է Ռուսաստանից, սակայն բնական գազը կազմում է երկրի էներգիայի տարեկան սպառման միայն 5%-ը։