Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանին սահմանակից կամ մոտ գտնվող ԵՄ անդամ պետությունները կմշակեն պաշտպանության և անվտանգության ամրապնդման առաջարկ
Եվրոպական միության այն անդամ երկրները, որոնք սահմանակից են Ռուսաստանին կամ մոտ են նրա սահմաններին, մշակելու են առաջարկներ իրենց պաշտպանությունն ու անվտանգությունը ուժեղացնելու նպատակով։ Այս մասին հայտարարեց Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն Հելսինկիում անցկացվող գագաթնաժողովի նախօրեին։
Ինչպես ընդգծեց հյուրընկալող երկրի՝ Ֆինլանդիայի վարչապետը, ԵՄ-ի «արևելյան թևի» այս հանդիպմանը մասնակցելու են Շվեդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի առաջնորդները։ Նրա խոսքով՝ նրանք ակնկալում են, որ կկարողանան ուժեղ ազդակ ուղարկել մինչև հաջորդ շաբաթ Բրյուսելում նախատեսված գագաթնաժողովը։
«Եվրոպական պաշտպանությունն ուժեղացնել հնարավոր չի լինի, և գործընթացը չի կարող շարունակվել, եթե մենք՝ որպես ԵՄ-ի արևելյան սահմանի վրա գտնվող երկրներ, չհնչեցնենք մեր ձայնը և չբացատրենք մեր իրականությունը։ Ֆինլանդիան՝ մյուս արևելյան թևի երկրների հետ միասին, ակտիվորեն մասնակցել է ԵՄ-ի ջանքերին՝ այս հարցերը Եվրոպայի օրակարգի վերին հատվածում տեղադրելու համար, և մենք հասել ենք հաջողության», – հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետը։
Միևնույն ժամանակ, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը նշել է, որ Եվրոպական միությունը կարող է աջակցել անդամ պետությունների անհատական ջանքերին, որոնք միտված են պաշտպանունակության ուժեղացմանը։
«ԵՄ-ն կարող է կարևոր դեր խաղալ անդամ պետությունների անհատական ջանքերի աջակցման հարցում, օրինակ՝ ֆինանսավորման որոշման, կանոնակարգերի պարզեցման և ռազմական շարժունակության ավելացման միջոցով», – ընդգծել է Շվեդիայի վարչապետը։