Ֆինլանդիան որոշել է փակել Ռուսաստանի հետ սահմանի վերջին անցակետը։ Լապլանդիայի սահմանային անցակետը նոյեմբերի 29-ի կեսգիշերից մինչև դեկտեմբերի 13-ը փակ կլինի։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը որոշել է փակել արեւելյան սահմանի բոլոր անցակետերը։ Անցած շաբաթվանից ֆիննա-ռուսական սահմանի անցակետերից միայն մեկն է աշխատում։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ ապաստանի համար հնարավոր կլինի դիմել նավահանգիստներում և օդանավակայաններում։
Ընդ որում, որոշումը չի ազդի Ռուսաստանի և Ֆինլանդիայի միջև բեռնափոխադրումների երկաթուղային տրանսպորտի վրա։
Ինչպես հայտարարել է Պետեր Օրպոն, միգրացիան որպես գործիք օգտագործելը շարունակվում է, և Ռուսաստանը հիբրիդային մեթոդներով փորձում է ճնշում գործադրել Ֆինլանդիայի վրա, ինչն անընդունելի է։
Նոյեմբերին Ռուսաստանից Ֆինլանդիա անցնող առանց փաստաթղթերի միգրանտների թիվը կտրուկ աճել է։ Մինչ այդ ռուս սահմանապահները թույլ չէին տալիս նման ճանապարհորդներին լքել երկիրը։ Ֆինլանդիան սկսել է փակել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը՝ զսպելու աճող միգրացիան։