Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեկ անձի է ձերբակալել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը մեկ անձի է ձերբակալել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Սննդի ազգային գործակալության Շիդա Քարթլիի տարածաշրջանային վարչության գլխավոր տեսուչին՝ ծառայողական լիազորությունները չարաշահելու փաստով։

Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ՝ նախաքննությամբ պարզվել է, որ պետական պաշտոնյան, նյութական շահի դիմաց, ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած տեղեկատվությունը սպասվող ստուգման վերաբերյալ մի քանի օր առաջ փոխանցել է «Ֆերմերների տուն» ՍՊԸ-ի ղեկավարին։

«Այս գործողության նպատակը եղել է ընկերությանը սպասվող տուգանքից խուսափելու հնարավորություն տալը։ Պարզվել է, որ տվյալ գործարարը Գորի քաղաքում իրացրել է ընկերություն BAYER-ի արտադրանք հանդիսացող LUNA SENSATION անվանումով կեղծված ագրոքիմիական միջոց»։

Գործով նախաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի առաջին մասով։

«Կրկին հորդորում ենք պետական պաշտոնյաներին և նրանց հետ հանցավոր համաձայնության մեջ մտնելու ցանկություն ունեցող անձանց զերծ մնալ նմանօրինակ ապօրինի գործողություններից։ Քննչական ծառայության արձագանքը ցանկացած նման դեպքի դեպքում լինելու է անհապաղ և խիստ», – նշված է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդագրության մեջ։