«Financial Times». Եվրամիության առաջնորդները պատրաստվում են Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններին
«Financial Times». Եվրամիության առաջնորդները պատրաստվում են Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններին

Եվրամիության առաջնորդները պատրաստվում են Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցություններին. այս մասին տեղեկատվություն է տարածում «Financial Times»-ը։

Ինչպես գրում է հրատարակությունը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է, որ Եվրամիությունը «պոտենցիալ» ունի Պուտինի հետ բանակցությունների համար, և այդ երկխոսությանը պաշտպանում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Ես խոսում եմ ԵՄ 27 երկրների առաջնորդների հետ՝ կազմակերպման լավագույն ուղին գտնելու և որոշելու համար, թե ինչ պետք է արդյունավետ քննարկենք Ռուսաստանի հետ, երբ դրա ժամանակը գա»,- հայտարարել է Կոշտան։

Կոշտայի պարզաբանմամբ՝ անցյալ ամիս Կիպրոսում կայացած ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Զելենսկին եվրոպացիներին կոչ է արել «պատրաստ լինել դրական ներդրում ունենալ բանակցություններում»։ Միևնույն ժամանակ, Կոշտան նշել է, որ Մոսկվան այս փուլում արդյունավետ երկխոսության պատրաստակամություն չի ցուցաբերում։

Հրատարակությունը նաև նշում է, որ Զելենսկու գրասենյակը հաստատել է Կոշտայի հետ նշված հարցի քննարկումը։

«Մեզ անհրաժեշտ է ավելի ուժեղ համակարգում եվրոպական մակարդակով»,- հայտարարել է ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը և նշել, որ հնարավոր է՝ Ռուսաստանի հետ բանակցություններին մասնակցի մեկ առաջնորդ, ով կխոսի եվրոպացիների անունից։

Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, 27 երկրների միջև կոնսենսուս չկա այն հարցում, թե ով պետք է ներկայացնի դաշինքը և երբ պետք է սկսվեն նշված բանակցությունները։