Financial Times - Ֆրանսիան և Գերմանիան քննարկում են Ուկրաինայի համար ԵՄ-ին խորհրդանշական անդամակցությունը
Financial Times - Ֆրանսիան և Գերմանիան քննարկում են Ուկրաինայի համար ԵՄ-ին խորհրդանշական անդամակցությունը

Ֆրանսիան և Գերմանիան առաջարկում են Ուկրաինային ԵՄ-ին անդամակցության գործընթացում տրամադրել «խորհրդանշական» արտոնություններ, որոնք կբացառեն Կիևի մուտքը դաշինքի ընդհանուր բյուջե և քվեարկության իրավունքը մինչև լիիրավ անդամակցությունը: Այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times-ը:

Նշենք, որ Փարիզն ու Բեռլինը նախկինում մերժել են Եվրահանձնաժողովի առաջարկները՝ անդամակցության գործընթացը պարզեցնելու վերաբերյալ:

Գերմանիայի առաջարկը ենթադրում է Ուկրաինային տրամադրել «ասոցացված անդամի» կարգավիճակ, որի շրջանակներում Կիևը կմասնակցի ԵՄ նախարարների և ղեկավարների հանդիպումներին, բայց չի ունենա քվեարկության իրավունք և ավտոմատ մուտք դեպի ԵՄ ընդհանուր բյուջե:

Բեռլինի առաջարկության մեջ նաև նշվում է, որ նոր կարգավիճակը կունենա «խորհրդանշական ուժ» և կարող է շնորհվել ԵՄ ղեկավարների քաղաքական որոշմամբ, ինչը կխուսափի երկարատև ընթացակարգերից:

Ֆրանսիան, իր հերթին, Ուկրաինայի մասնակի անդամակցությունը անվանում է «ինտեգրված պետության» կարգավիճակ, որի համաձայն՝ ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությանը և եվրոպական ֆինանսավորմանը մուտքը կհետաձգվի մինչև Ուկրաինայի լիիրավ անդամ դառնալը:

Ըստ Financial Times-ի՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից Ուկրաինայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի դեմ վետո չդնելը որոշակի հույսեր է արթնացրել այս հարցում առաջընթացի վերաբերյալ: Այնուամենայնիվ, ԵՄ անդամների մեծ մասը վախենում է, որ Ուկրաինայի և այլ թեկնածու երկրների անդամակցության արագացումը կփոխի դաշինքի քաղաքական դինամիկան և կթուլացնի անդամակցության կարևորությունը։

Եվրահանձնաժողովի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ նշել են, որ ֆրանսիական և գերմանական փաստաթղթերի բովանդակությունը, հավանաբար, «զգալիորեն կմիավորվի» ԵՄ վերջնական առաջարկի մեջ։

Ուկրաինայի եվրոպական ինտեգրման հարցերով փոխվարչապետ Տարաս Կաչկան հրատարակությանը հայտնել է, որ Կիևը շարունակում է քննարկումները ԵՄ երկրների հետ անդամակցության վերաբերյալ։

Մեկ այլ ուկրաինացի պաշտոնյա ասել է, որ Կիևը մտահոգված է անդամակցության ցանկացած անորոշ հասկացությամբ, որը պատերազմից հոգնած ուկրաինական բնակչության կողմից կարող է ընկալվել որպես ԵՄ անդամակցության թույլ այլընտրանք։