Financial Times - ԱՄՆ-ը Չինաստանին խնդրում է հորդորել Թեհրանին զսպել Իրանի կողմից աջակցվող հութի զինյալներին, որոնք հարձակվում են Կարմիր ծովում առևտրային նավերի վրա
Միացյալ Նահանգները Չինաստանին խնդրել է հորդորել Թեհրանին դադարեցնել Իրանի կողմից աջակցվող հութիների գրոհայինները, որոնք հարձակվում են Կարմիր ծովում առևտրային նավերի վրա, գրում է Financial Times-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին:
Հրատարակության հետ զրույցում ԱՄՆ կառավարության անդամները նշում են, որ առայժմ Պեկինից օգնության քիչ նշաններ կան։
Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ի պաշտոնյաները վերջին երեք ամիսների ընթացքում բազմիցս բարձրացրել են այդ հարցը չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ խնդրելով նրանց կոչ անել Իրանին չսրել լարվածությունը Մերձավոր Արևելքում:
Հունվարի 24-ին Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Պեկինը սերտ կապի մեջ է տարբեր կողմերի հետ և ակտիվորեն աշխատում է Կարմիր ծովում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, սակայն, մեկնաբանելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից «հութիների» վրա հարձակումները, նախարարությունը կոչ է արել համապատասխան կողմերին խուսափել իրավիճակի սրումից։