«Ֆայնենշլ Թայմս»․ Էստոնիան «ակտիվ պաշտպանության» ռազմավարության շրջանակներում ուժեղացնում է զորքերի տեղակայումը Ռուսաստանի սահմանին
Էստոնիան «ակտիվ պաշտպանության» ռազմավարության շրջանակներում ուժեղացնում է զորքերի տեղակայումը Ռուսաստանի սահմանին․ այս մասին գրում է «Ֆայնենշլ Թայմս»-ը։
Էստոնիայի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությամբ՝ Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիային նախապատրաստվելու շրջանակներում երկրի առաջին բրիգադի հիմնական ուժերը Տապա քաղաքից տեղափոխում են Յիհվի, որը Ռուսաստանի սահմանից գտնվում է մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա։
Նրանց տեղեկություններով՝ որոշումն ընդունվել է «ակտիվ պաշտպանության» ռազմավարության շրջանակներում։
Նոր ռազմավարության շրջանակներում առաջին բրիգադը Տապայից մշտական տեղակայում կստանա Յիհվիում, որտեղ զինվորականների համար նոր ենթակառուցվածքներ են կառուցվում։ Ինչպես նաև, սահմանամերձ Նարվա քաղաքում կառուցվում է ռազմաբազա, որը նախատեսված կլինի հազար զինծառայողի տեղակայման համար։
Էստոնիայի իշխանության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ երկիրը փուլ առ փուլ զորքերը կտեղակայի Ռուսաստանի սահմանին ավելի մոտ և ձեռք կբերի սպառազինություն, որն ունակ է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերում։
Էստոնիայի առաջին բրիգադի հրամանատար, գնդապետ Տարմո Կունդլայի հայտարարությամբ՝ երկրի պաշտպանությունը պետք է սկսվի Ռուսաստանի սահմանից։