«Ֆայնենշլ Թայմս». Դոնալդ Թրամփը մերժել է Ուկրաինայի պահանջը՝ Ռուսաստանի վրա օդային հարձակումների համար Starlink-ի աջակցությամբ զինված անօդաչու թռչող սարքերի օգտագործման թույլտվության վերաբերյալ
«Ֆայնենշլ Թայմս»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Կիևի պահանջը՝ Ռուսաստանի տարածքի վրա օդային հարձակումների համար Starlink-ի աջակցությամբ զինված անօդաչու թռչող սարքերի օգտագործման թույլտվության վերաբերյալ:
Հուլիսին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփին խնդրել է Իլոն Մասկի հետ քննարկել Ուկրաինային Starlink-ն օգտագործելու թույլտվություն տալու հարցը՝ ռուսական բալիստիկ հրթիռների արձակման օբյեկտներին հարվածելու համար:
«Աղբյուրների փոխանցմամբ՝ Զելենսկին Մասկին առաջարկել է թույլ տալ Ուկրաինային Starlink-ն օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքում՝ մինչև 200 կիլոմետր հեռավորության վրա գործող ԱԹՍ-ների վրա, ինչը ներառում էր բալիստիկ հրթիռների արձակման ենթակառուցվածքները, կառավարման համակարգերն ու այլ ակտիվներ: Կիևում կարծում էին, որ հարվածների խորության սահմանափակումը Մասկին կդրդեր հաստատել պահանջը», – նշված է հրապարակման մեջ:
Այնուամենայնիվ, Թրամփը վերջնական պատասխան չի տվել և, Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպմանը ներկա գտնվող անձանց խոսքով, պլանին աջակցություն չի հայտնել: Պարբերականի աղբյուրները նշել են, որ, իրենց կարծիքով, Մասկը Կիևին նման թույլտվություն չի տա: