«Ֆայնենշլ Թայմս». ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի շուրջ վերջին պահին տարաձայնություն է առաջացել
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի շուրջ վերջին պահին տարաձայնություն է առաջացել, – այս մասին հայտնում է «Ֆայնենշլ Թայմս»-ը։
Ինչպես գրում է պարբերականը, երբ Ուկրաինայի փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն մեկնում էր ԱՄՆ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի ներկայացուցիչները հայտարարել են, որ նա «պետք է պատրաստ լինի կամ բոլոր համաձայնագրերը ստորագրել, կամ վերադառնալ տուն»։
Ինչպես թերթին հայտնել են Ուկրաինայի երկու անանուն պաշտոնյաներ, Վաշինգտոնը ցանկանում է, որ միաժամանակ ստորագրվեն ինչպես շրջանակային համաձայնագիրը, այնպես էլ ներդրումային հիմնադրամի մասին փաստաթուղթը, որը տնօրինելու է օգտակար հանածոներից ստացված եկամուտները։
Իսկ ուկրաինական կողմը հայտնել է թերթին, որ ԱՄՆ-ի տեղեկատվությունը ոչ ճշգրիտ է, և Կիևը չի կարող չորեքշաբթի օրը ստորագրել երկու փաստաթղթերն էլ, քանի որ ներդրումային հիմնադրամի վերաբերյալ համաձայնագիրը նախ պետք է վավերացվի Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ստորագրել բոլոր այն համաձայնագրերը, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ-ի հետ տնտեսական գործընկերության հաստատման համար՝ սկսած շրջանակային համաձայնագրից։
Դենիս Շմիգալը նաև հաստատել է մամուլում տարածված տեղեկությունը, որ օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա օրերին, և որ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն արդեն մեկնել է Վաշինգտոն այդ հարցով։