«Էվրոնյուզ». Իրանում 2026 թվականի հունվարից ի վեր առնվազն 900 մարդու մահապատժի են ենթարկել

19:48, 19.08.2026
Իրանում 2026 թվականի հունվարից ի վեր առնվազն 900 մարդու մահապատժի են ենթարկել: Այս մասին տեղեկությունը տարածում է «Էվրոնյուզ»-ը՝ Վաշինգտոնում տեղակայված իրավապաշտպան «Աբդորհման Բորումանդի կենտրոն» խմբին հղում անելով:
Նրանց տվյալներով՝ 2026 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է մահապատժի 901 դեպք, այդ թվում՝ 56 մարդ՝ քաղաքական կամ ազգային անվտանգության մեղադրանքով, իսկ 98-ը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ էին:
«Աբդորհման Բորումանդի կենտրոնի» տեղեկատվությամբ՝ մահապատժի ենթարկվածների թվում 29 մարդ ձերբակալվել էր հասարակական բողոքի ակցիաների ժամանակ, 13 անձ մեղադրվում էր լրտեսության մեջ, իսկ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մահապատժի է դատապարտվել առնվազն 268 մարդ:
Ինչ վերաբերում է էթնիկ դասակարգմանը, մահապատժի է ենթարկվել 40 բելուջ, 29 քուրդ, 21 աֆղան, վեց արաբ, մեկ թուրք և մեկ թուրքմեն:
Զեկույցում նկարագրված է նաև 16 կնոջ և երկու անձի մահապատիժը, որոնք ենթադրյալ հանցագործությունը կատարելու պահին մինչև 18 տարեկան էին: Բացի այդ, հինգ մահապատիժ իրականացվել է հրապարակայնորեն:
«Էվրոնյուզ»-ը գրում է, որ ՄԱԿ-ը բազմիցս մտահոգություն է հայտնել Իրանում մահապատժի կիրառման վերաբերյալ, հատկապես թմրանյութերի հետ կապված հանցագործությունների, ազգային անվտանգության մեղադրանքների և էթնիկ փոքրամասնությունների հետ կապված դեպքերում:

Նմանատիպ