Էրգնեթիի հանդիպումը լքել ենք ի նշան բողոքի. Կախա Քեմոկլիձե
Էրգնեթիի հանդիպումը լքել ենք ի նշան բողոքի. Կախա Քեմոկլիձե

Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների շրջանակում աշխատանքային հանդիպումը, ի նշան բողոքի լքել է պետական անվտանգության ծառայության, վերլուծաբանական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կախա Քեմոկլիձեն:

Ինչպես նշել է Քեմոկլիձեն, հանդիպմանը բարձրացվել է երկու հարց, և այդ հարցերը վերաբերում էին Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փոխանցմանը և երկու ձերբակալվածներին, որոնք այս պահին գտնվում են Ցխինվալում:

«Շատ բարդ հանդիպում էր, այսօր բարձրացրել ենք երկու հարց, դրանք էին Արչիլ Տատունաշվիլիի աճյունի փոխանցումը և ձերբակալված վրացիների ազատ արձակումը: Երեք ժամվա ընթացքում կոնկրետ պատասխան չենք ստացել և որոշեցինք լքել հանդիպումը: Մենք պատրաստ ենք բանակցելու համար, սակայն դա տեղի կունենա այն բանից հետո, ինչ Արչիլ Տատունաշվիլիի աճյունը կփոխանցվի ընտանիքին և ազատ կարձակվեն մեր ձերբակալված քաղաքացիները: Նրանք անընդհատ հայտարարում էին, որ աճյունը կփոխանցեն միայն փորձաքննությունից հետո, նույնիսկ չեն ասել, թե որ կենտրոնում են անց կացնելու փորձաքննությունը»,-ասել է Քեմոկլիձեն: