Էնտոնի Բլինկենը Իսրայել և Հորդանան այցերից հետո բանակցությունների համար կժամանի Թուրքիա
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը Իսրայել և Հորդանան այցերից հետո բանակցությունների համար կժամանի Թուրքիա,- հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Էնտոնի Բլինկենը երկու օրով կայցելի Թուրքիա՝ Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի ֆոնին Մերձավոր Արևելք կատարած իր շրջագայության շրջանակներում»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այցի ընթացքում Բլինկենը կընդգծի Իսրայելում և Գազայի հատվածում խաղաղ բնակիչների կյանքի պաշտպանության կարևորությունը և մարդասիրական օգնության ավելացման անհրաժեշտությունը։
Թուրքիա այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը կքննարկի նաև եվրատլանտյան անվտանգության հարցը, Ուկրաինային շարունակական աջակցությունը և ՆԱՏՕ-ի դաշինքի միասնությունը պահպանելու անհրաժեշտությունը, ներառյալ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը:
Տեղեկության համար՝ Էնտոնի Բլինկենն այսօր Հորդանանում էր, որտեղ հանդիպել է արաբական երկրների ղեկավարների, այդ թվում՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։ Երեկ նա հանդիպումներ է անցկացրել Իսրայելում և ժամանակավոր հրադադարի վերաբերյալ հայտարարություն արել։