Էնթոնի Բլինկենն ասում է, որ Հյուսիսային Կորեայի մասնակցությունն Ուկրաինայում մարտերին խիստ արձագանք կստանա
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը Ուկրաինայի հարցն էր։
Ինչպես հանդիպումից հետո ասել է Էնթոնի Բլինկենը, Ուկրաինայում ռազմական գործողություններին Հյուսիսային Կորեայի ներգրավմանը կհետևի խիստ արձագանք։ Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ հյուսիսկորեացի զինվորականներն արդեն մասնակցում են ռուսական ուժերի հետ մարտական գործողություններին։
«Մենք այսօր շատ արդյունավետ քննարկում ունեցանք Ուկրաինային մեր շարունակական աջակցության մասին՝ ի դեմս ռուսական ագրեսիայի, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի ուժերի փաստացի ներգրավվածությանը մարտին, որը պահանջում է և կստանա խիստ պատասխան», – ասել է Բլինկենը։
Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ ներկայիս վարչակազմը առաջիկա երկու ամիսների համար ունի շատ լարված և կարևոր օրակարգ։
«Նախագահ Բայդենը ծրագրում է լիարժեք օգտվել յուրաքանչյուր օրվա հնարավորությունից՝ շարունակելու անել այն, ինչ արել է վերջին չորս տարիների ընթացքում, որն ամրապնդելն է այս դաշինքը և որն այնքան կարևոր է Միացյալ Նահանգների և Եվրոպայի անվտանգության համար։ Մենք նաև կշարունակենք ուժեղացնել այն ամենը, ինչ անում ենք Ուկրաինայի համար, որպեսզի նա կարողանա արդյունավետ պաշտպանվել ռուսական ագրեսիայից»,- ասել է Բլինկենը։