Էնթոնի Բլինկենը շանտաժ է որակում Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի արտահանման արգելափակումը

10:30, 07.06.2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շանտաժ է որակում Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի արտահանման արգելափակումը։ Այս մասին Էնթոնի Բլինկենը հայտարարել է Վաշինգտոնում կայացած վիրտուալ միջոցառման ժամանակ, որին մասնակցել են բարերարներ, հասարակական կազմակերպություններ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

«Օդեսայի մերձակայքում գտնվող պահեստներում մնացել է մինչև 20 միլիոն տոննա ցորեն և հացահատիկով բեռնված նավերը արգելափակված են Օդեսայի նավահանգստի ռուսական շրջափակման պատճառով։ Ռուսական ուժերը օկուպացրել են Ուկրաինայի ամենաբերրի գյուղատնտեսական հողերի մի մասը։ Նրանք ականապատել են դաշտերը։ Ոչնչացրել են գյուղատնտեսության կենսական ենթակառուցվածքները: Կան տեղեկություններ, որ Ռուսաստանը գողանում է ուկրաինական հացահատիկը վաճառքի համար՝ հանուն իր շահի։ Այժմ Ռուսաստանը սահմանափակում է նաև սննդամթերքի արտահանումը։ Այդ ամենը նպատակային է: Մենք գիտենք, որ նախագահ Պուտինը արգելափակում է սննդամթերքի արտահանումը և ագրեսիվորեն օգտագործում է քարոզչամեքենան՝ խուսափելու պատասխանատվությունից, քանի որ հույս ունի ստիպել աշխարհին գնալ զիջումների և չեղարկել պատժամիջոցները։ Այսինքն՝ դա շանտաժ է»,- ասել է Բլինկենը։

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել միջազգային հանրությանը համատեղ արձագանքել ստեղծված իրավիճակին։

Նմանատիպ