Էնթոնի Բլինկենը հանդիպել է Բենիամին Նեթանյահուին
Էնթոնի Բլինկենը հանդիպել է Բենիամին Նեթանյահուին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Ամերիկացի դիվանագետը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Մերձավոր Արևելքում՝ ներկայացնելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի առաջարկած ծրագիրը Գազայում պատերազմին վերջ տալու համար։

Ավելի ուշ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հանդիպում կունենա Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ։

Բլինկենի խոսքով՝ «Համասը» միակ կողմն է, որը չի համաձայնել ներկայացված համաձայնագրին։ Համաձայնագիրը ներառում էր պատանդների ազատ արձակումը և ռազմական գործողությունները դադարեցնելու բանակցությունների մեկնարկը:

Ինչպես գրում է «Reuters»-ը, մյուս կողմից, «Համաս»-ի պաշտոնական ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ Գազայում հրադադարի մասին Բլինկենի մեկնաբանությունը «կողմնակալ է Իսրայելի նկատմամբ»։

Էնթոնի Բլինկենի խոսքով՝ ինքը կհանդիպի նաև Հորդանանի և Կատարի ղեկավարների հետ, որտեղ կքննարկի Գազայի հատվածի կառավարման և վերականգնման ծրագրերը։

Պետքարտուղարությունը տեղեկություն է հրապարակել նաև Էնթոնի Բլինկենի և Բենիամին Նեթանյահուի հանդիպման մասին։

«Պետքարտուղարը վարչապետին զեկուցել է հետկոնֆլիկտային ժամանակաշրջանը պլանավորելու ուղղությամբ շարունակվող դիվանագիտական ​​ջանքերի մասին և ընդգծել այդ ջանքերի կարևորությունը՝ երկարաժամկետ խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու համար և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների համար», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: