Էնթոնի Բլինկենը և Դմիտրո Կուլեբան քննարկել են Ուկրաինային 33 միլիարդ դոլարի օգնության հարցը
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ քննարկել է Ուկրաինային 33 միլիարդ դոլարի օգնության հարցը, որի հատկացումը Կոնգրեսին խնդրել է Բայդենի վարչակազմը։ Այս մասին տեղեկությունը տարածում է Պետդեպարտամենտը։
Գերատեսչության հաղորդմամբ, պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի ուժեղ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
Բացի այդ, Էնթոնի Բլինկենը Կուլեբայի հետ քննարկել է ամերիկացի դիվանագետների Ուկրաինա վերադարձի հարցը, այդ թվում այս շաբաթ Լվով այցի և հնարավորինս շուտ Կիև վերադառնալու ծրագրերը:
Պետքարտուղարը և նախարարը քննարկել են նաև վարչակազմի ապրիլի 28-ի դիմումը Կոնգրեսին՝ անվտանգության, տնտեսական և մարդասիրական օգնության համար 33 միլիարդ դոլարի հատկացման հարցը, որը օգնելու է Ուկրաինային հաղթել «Կրեմլի անխոհեմ պատերազմին»:
Ինչպես ապրիլի 28-ին ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, նա հուսով է, որ Կոնգրեսը հնարավորինս շուտ կհաստատի Ուկրաինային 33 միլիարդ դոլարի օգնության փաթեթը: