Էնթոնի Բլինկենը Չինաստանի արտգործնախարարին կոչ է արել դատապարտել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը
Էնթոնի Բլինկենը Չինաստանի արտգործնախարարին կոչ է արել դատապարտել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը «Մեծ քսանյակի» ԱԳ նախարարների շրջանակներում կայացած հանդիպմանը Վան Յիին կոչ է արել դատապարտել Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և համագործակցության ուղիներ առաջարկել։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ինդոնեզիայում Չինաստանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ։ Հանդիպումից հետո Էնթոնի Բլինկենը լրագրողների հետ զրույցում հերքել է Չինաստանի հայտարարությունը ռուս-ուկրաինական պատերազմում չեզոքություն պահպանելու մասին։ Նրա խոսքով, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հավատարիմ է մնացել փետրվարին Վլադիմիր Պուտինի հետ գործընկերության մասին իր հայտարարությանը, և որ Չինաստանը աջակցում է Ռուսաստանին ՄԱԿ-ում և ուժեղացրել է ռուսական քարոզչությունը:
Բացի այդ, Բլինկենը նշել է, որ մայիսին Պեկինը և Մոսկվան անցկացրել են նաև համատեղ ռազմավարական զորավարժություններ։
«Ես փորձում էի հանդիպմանը ասել, որ սա իսկապես այն պահն է, երբ մենք բոլորս միասին պետք է դատապարտենք Ռուսաստանի ագրեսիան։ Այն, ինչ դուք լսում եք Պեկինից, այն է, որ նա պնդում է, որ չեզոք է: Սկսեմ նրանից, որ բավականին դժվար է չեզոք լինել, երբ խոսքը գնում է նման ագրեսիայի մասին։ Կա ակնհայտ ագրեսոր, կա ակնհայտ զոհ»,- ասել է Բլինկենը։