Էնթոնի Բլինկեն. Մենք կշարունակենք կանգնել Իսրայելի կողքին՝ երաշխավորելու, որ հոկտեմբերի 7-ն այլեւս երբեք չկրկնվի
Մենք կշարունակենք կանգնել Իսրայելի կողքին՝ ապահովելու համար, որ հոկտեմբերի 7-ն այլեւս երբեք չկրկնվի, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Թել Ավիվում Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո։
Ինչպես բացատրում է Բլինկենը, Միացյալ Նահանգներն աշխատում է ճանապարհ հարթել տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության համար։
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան, ավելի լայն հակամարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ։ Նա ասաց, որ ամենուր, որտեղ նա գնում էր Մերձավոր Արևելք իր շրջագայությանը, առաջնորդները շեշտում էին իրենց մտահոգությունը հակամարտության տարածման վերաբերյալ և խոստանում էին օգտագործել իրենց ազդեցությունը պատերազմի սրումը դադարեցնելու համար:
Բլինկենի խոսքով՝ առաջնորդները նաև մտահոգություն են հայտնել «Գազայում տիրող հումանիտար ծանր իրավիճակի և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի կապակցությամբ»։
«Գազայի խաղաղ բնակիչների, հատկապես երեխաների շրջանում ամենօրյա զոհերի թիվը շատ բարձր է։ Մենք ցանկանում ենք, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի: Պատերազմը չափազանց շատ կյանքեր է արժեցել, չափազանց շատ տառապանքներ է բերել, սակայն կենսական նշանակություն ունի, որ Իսրայելը հասնի իր շատ օրինական նպատակներին, որպեսզի հոկտեմբերի 7-ը երբեք չկրկնվի»,- ասել է Բլինկենը։
Էնթոնի Բլինկենի խոսքով՝ Իսրայելի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ պաղեստինցի խաղաղ բնակիչները պետք է կարողանան հնարավորինս շուտ տուն վերադառնալ, և որ նրանց չպետք է ստիպեն լքել Գազայի հատվածը։
«Մենք հավատում ենք, Իսրայելի կառավարությունը նույնպես հավատում է, որ դիվանագիտական ճանապարհը անվտանգության հասնելու լավագույն միջոցն է, և դա հենց այն է, ինչ մենք կշարունակենք անել»,- հավելել է Էնթոնի Բլինկենը։
ԱՄՆ պետքարտուղարը նաեւ նշել է, որ Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքն անհիմն է։