Էնթոնի Բլինկեն. Առաջին անգամ մենք Ուկրաինային կփոխանցենք պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխներից առգրավված ակտիվները, որոնք կօգտագործվեն ուկրաինացի վետերաններին աջակցելու համար
Էնթոնի Բլինկեն. Առաջին անգամ մենք Ուկրաինային կփոխանցենք պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխներից առգրավված ակտիվները, որոնք կօգտագործվեն ուկրաինացի վետերաններին աջակցելու համար

ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինա կփոխանցի պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխներից առգրավված ակտիվները։ Այս մասին Կիևում Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Ի լրումն Ուկրաինայի անվտանգության կարիքների, մենք առաջին անգամ Ուկրաինային կփոխանցենք պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխներից առգրավված ակտիվները, որոնք այժմ կօգտագործվեն ուկրաինացի վետերաններին աջակցելու համար: Նրանք, ովքեր աջակցել են Պուտինի ագրեսիվ պատերազմին, պետք է վճարեն դրա համար»,- ասել է Էնթոնի Բլինկենը։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցի՝ խոսքը 5,4 մլն դոլարի մասին է, որը կուղղվի վետերանների վերականգնմանն ու աջակցությանը։

Հիշեցնենք, որ Էնթոնի Բլինկենը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել էր Ուկրաինային մեկ միլիարդ դոլարի չափով օգնության նոր փաթեթի մասին։