Էնթոնի Բլինկեն. ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 550 մլն դոլարի զենք և զինտեխնիկա
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 550 մլն դոլարի զենք և զինտեխնիկա։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի հրապարակած Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ։
Էնթոնի Բլինկենի խոսքով՝ Ուկրաինայի պաշտպանության համար զենք ու տեխնիկա կհատկացվի ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի պաշարներից։ Ուկրաինայի համար նախատեսված նոր զինատեսակները ներառում են HIMARS հրետանային հրթիռային համակարգեր և 155 միլիմետրանոց հրետանային համակարգեր, որոնք Պետդեպարտամենտի խոսքով՝ «ուկրաինական ուժերն այնքան արդյունավետ օգտագործում են մարտադաշտում՝ իրենց երկիրը պաշտպանելու համար»:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ սա 2021 թվականի օգոստոսից հետո Ուկրաինային հատկացված զենքի 17-րդ խմբաքանակն է։ Բայդեն-Հարիսի վարչակազմի սկզբից ի վեր Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր արժեքը կազմել է մոտավորապես 8,7 միլիարդ դոլար։
«Մեր աջակցությունն Ուկրաինային չի տատանվի։ Մենք միասնական ենք Ուկրաինայի հետ»,- ասված է Բլինկենի հայտարարության մեջ։