Էմանուել Մակրոնն ասում է, որ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայի հետ պատերազմում, Եվրոպայում նոր իմպերիալիստական ուժ կհայտնվի, որը կարող է սպառնալ նախկին Խորհրդային Միության մյուս երկրներին, ինչպիսիք են Վրաստանը և Ղազախստանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայի պատերազմում, Եվրոպայում նոր իմպերիալիստական ուժ կհայտնվի, որը կարող է սպառնալ նախկին խորհրդային մյուս երկրներին, ինչպիսիք են Վրաստանը և Ղազախստանը, ինչպես նաև ողջ մայրցամաքը։ Այս մասին Էմանուել Մակրոնը հայտարարել է «BBC»-ին տված բացառիկ հարցազրույցում։
«Հասկանալի է, որ այն, ինչ անում է Ռուսաստանը Ուկրաինայում, իմպերիալիզմ է և գաղութատիրություն»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ուկրաինային աջակցելն իր և բոլոր երկրների պարտքն է։ Նա նաև ասաց, որ հաջորդ ամիսը կրիտիկական է լինելու։
Էմանուել Մակրոնի խոսքով՝ դեռ ժամանակը չէ, որ Ուկրաինան նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նշել է, որ բանակցություններ վարելու որոշումը պետք է ընդունի միայն Կիևը։