Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել շուտափույթ ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ին։
Մակրոնը Փաշինյանին կոչ է արել շուտափույթ ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, քանի որ դա բխում է ժողովրդի շահերից։
Ինչպես նշվում է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ, Ֆրանսիայի նախագահը հաստատել է նաև Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի խաղաղության և ժողովրդավարության ձգտումին աջակցելու իր որոշումը։
«Նախագահը հաստատել է իր հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին, որոնց նպատակն է հնարավորինս արագ հասնել խաղաղության համաձայնագրի՝ միջազգային իրավունքին և տարածաշրջանում ապրող մարդկանց շահերին համապատասխան», – ասվում է հայտարարության մեջ։
Մակրոնն ու Փաշինյանը պայմանավորվել են նաև շարունակել ամրապնդել Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցությունը։