Էմանուել Մակրոնը հետաձգել է Նոր Կալեդոնիայի հետ կապված ընտրական բարեփոխումները
Էմանուել Մակրոնը հետաձգել է Նոր Կալեդոնիայի հետ կապված ընտրական բարեփոխումները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է Նոր Կալեդոնիայի հետ կապված սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը։ Խոսքը ընտրական բարեփոխումների մասին է, որը Կալեդոնիայում մի քանի օրվա անկարգություններ է առաջացրել։ Նոր Կալեդոնիա ժամանելուց հետո Մակրոնը հանդիպումներից հետո ասաց, որ չի շտապում ընդունել առաջարկվող փոփոխությունները, քանի որ ավելի շատ բանակցություններ են անհրաժեշտ։

«Ես խոստացել եմ, որ այսօրվա համատեքստում այս բարեփոխումը չի ընդունվի։ Եկեք հարցը հետաձգենք մի քանի շաբաթով, որպեսզի իրավիճակը հանդարտվի, և երկխոսությունը վերսկսվի լայն համաձայնության հասնելու համար»,- ասել է Մակրոնը։

Մակրոնը նաեւ նշել է, որ Նոր Կալեդոնիայում կարգուկանոն հաստատելու համար կպահանջվի մի քանի օր, որի ընթացքում արտակարգ դրությունը ուժի մեջ կմնա։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ափամերձ տարածք հանդիսացող Նոր Կալեդոնիայում իրավիճակը լարված է մայիսի 13-ից այն բանից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանը սատարեց սահմանադրական փոփոխություններին, որոնց համաձայն կղզիային նահանգում տասը տարուց ավելի բնակվող մարդիկ իրավունք ունեն մասնակցել Նոր Կալեդոնիայի տեղական ինքնակառավարման ընտրություններին։ Կղզի նահանգի բնիկ բնակչության՝ Կանաքների ներկայացուցիչները նշում են, որ երկրի ղեկավար մարմինների փոփոխությունը կնվազեցնի նրանց քաղաքական ազդեցությունը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ անկարգությունների սկսվելուց հետո առնվազն վեց մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Ցուցարարների ու իրավապահների բախման ժամանակ մոտ 300 մարդ է ձերբակալվել։ Թալանվել և այրվել են խանութներ, կառավարական շենքեր։