Էմանուել Մակրոնը Բենիամին Նեթանյահուի հետ զրուցել է Գազայում տիրող իրավիճակի մասին
Հեռախոսազրույց է կայացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։ Այս մասին տեղեկություն է տարածում Ելիսեյան պալատը։
Զրույցի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության մեծ թվով զոհերի և Գազայի խաղաղ բնակչության առջև ծառացած ճնշող հումանիտար արտակարգ իրավիճակի կապակցությամբ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Մակրոնը Նեթանյահուի հետ խոսել է Գազայի հատվածում ապրող մարդկանց պաշտպանելու և ժամանակին նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին։
«Անհրաժեշտ է երկարաժամկետ հրադադարի ուղղությամբ աշխատել տարածաշրջանային և միջազգային գործընկերների օգնությամբ։ Կարևոր է, որ Իսրայելը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ դադարեցնելու որոշ տեղացիների բռնությունները պաղեստինյան ժողովրդի նկատմամբ»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Նեթանյահուն և Մակրոնը խոսել են նաև պատանդների ազատ արձակման մասին, ինչի վերաբերյալ Իսրայելի վարչապետը խնդրել է Ֆրանսիայի նախագահին շարունակել աշխատանքը պատանդների ազատ արձակման հարցով։
Ինչպես պարզ է դառնում Ելիսեյան պալատի հայտարարությունից, Մակրոնն առաջիկա օրերին աշխատելու է Հորդանանի հետ՝ Գազայի հատվածում մարդասիրական գործողություններ իրականացնելու համար։
Մակրոնը նաև ասել է, որ երկու պետությունների լուծումը միակ լուծումն է՝ ապահովելու Իսրայելի երկարաժամկետ անվտանգությունը և բավարարելու պաղեստինցիների օրինական նկրտումները։
Զրույցի ավարտին Մակրոնը եւս մեկ անգամ հաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Իսրայելի անվտանգությանը։