Էմանուել Մակրոն. Մեր ուղերձն ուկրաինացի ժողովրդին այն է, որ Եվրոպայի դուռը բաց է նրանց համար, մենք կքննարկենք նաև Մոլդովայի և Վրաստանի դիմումները
Մեր նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ հրադադարի որոշում կայացնելու համար։ Նախագահ Պուտինը մեզ կանգնեցրեց ողբերգական պատմական դրվագի առաջ, նա պատերազմը վերադարձրեց եվրոպական մայրցամաք,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վերսալում՝ Շառլ Միշելի և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ իրենք Ուկրաինային օգնում են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթի սահմանմամբ։
«Եվրոպացիների դիրքորոշումը պարզ է, ցանկացած միջազգային մակարդակով մենք դատապարտում ենք ռուսական ագրեսիան և տարբեր ձևերով օգնում Ուկրաինային։ Սա ներառում է մարդասիրական օգնություն, ինչպես նաև զենքով և տնտեսական օգնություն: Մենք աննախադեպ պատժամիջոցներ ենք կիրառել, և պլանավորում ենք պատժամիջոցների հերթական փաթեթը, որը շատ ծանր իրողություն կստեղծի Ռուսաստանի համար։ Մեր նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ հրադադարի որոշում կայացնելու համար։ Մենք կշարունակենք այդ ճնշումը այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը չի ավարտվել»,- ասել է Էմանուել Մակրոնը։
Նա մամուլի ասուլիսում խոսեց նաև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության դիմումների մասին։
«Մեր ուղերձը ուկրաինացի ժողովրդին այն է, որ Եվրոպայի դուռը բաց է նրանց առաջ, քանի որ մենք կիսում ենք ընդհանուր ժողովրդավարական արժեքները։ Կդիտարկենք նաև Մոլդովայի և Վրաստանի ԵՄ անդամակցության հայտը, որը գնահատվում է Եվրահանձնաժողովի կողմից։ Վերսալյան հռչակագիրը, որը մենք այսօր քննարկել ենք, Եվրոպական ինքնիշխանության հռչակագիրն է: Դրանից է կախված Եվրամիության ապագան ու մեր անվտանգությունը»,- ասել է Էմանուել Մակրոնը։